Բաժին. Ֆինանսական

Իտալական ընկերությունը Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

«Էլիտալիանա»-ն, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում, նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը և համագործակցության հնարավորություններ ձեռք բերել։

Նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ իտալացի մասնագետները ներկայացրին հնարավոր համագործակցության իրենց ծրագիրը։ Բացի իտալական տրանսպորտը Հայաստանում ներկայացնելուց, ընկերությունը ցանկանում է իր արտադրած բարձրակարգ ուղղաթիռները մեր երկրում շահագործել դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ նպատակներով:

Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրին իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համատեղ քննարկումները շարունակել շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

Share