Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4% ցուցանիշ

Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարվա վերջում ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ: Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին: «Մենք 2018թ. ընթացքում ծրագրում ենք մեկ տոկոսային կետով նվազեցնել այդ ցուցանիշը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

ԱԺ փոխնախագահը նախարարին հարց ուղղեց նաև ներգրավվող վարկային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մասնավորապես, Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե կառավարությունը ի՞նչ հստակ քայլեր է ձեռնարկում վարկային միջոցներն արդյունավետ օգտագործելու համար: Վարդան Արամյանն ասաց, միջազգային կազմակերպությունները իրենց կողմից տրամադրած վարկերի վերաբերյալ ունենում են արդյունքային ցուցանիշներ: «Բոլոր այն վարկային ծրագրերը, որոնք անարդյունավետ են, ընկնում են «սև ցուցակ»: Հայաստանը համարվում է այս առումով լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր», – պարզաբանեց նախարարը:

Share