Բաժին. Ֆինանսական

ՀՀ կառավարություն. Հավանություն՝ 18.5 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով թիվ BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագրի» նախագծին: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես՝ ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ:

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի» նախագիծը: Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։ Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակում գումարը կտրամադրվի 2 մասնաբաժնով:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:

Share