Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Յունիբանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

2018թ.-ի մարտի 20-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 25,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMUNIBB25ER9) բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն: 2015թ.-ին բանկը վերակազմավորվել է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: Յունիբանկը 2008թ.-ի դեկտեմբերի 29-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.unibank.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share