Բաժին. Ֆինանսական

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, ինչպես նաև իրականացվող ծրագրերի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրի վարկունակությանն ու պարտքի կառավարմանը, նախատեսվող դրամաշնորհային և քաղաքականության վրա հիմնած վարկային պայմանագրերի կնքմանն ու հետագա միջկառավարական բանակցություններին առնչվող հարցեր:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Օլաֆ Զիմելկան իր հերթին  պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել առկա երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունը նոր ուղղություններով:

Share