Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ հրապարակված հոդվածի վերաբերյալ

Մինչև «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելը, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել են վերլուծություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ավտոպահեստամասերի և հարակից դետալների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հիշյալ ընկերության 2017թ. ներմուծումների ծավալը և իրացման շրջանառությունը գերազանցել են 100 մլն դրամը: Սակայն, ընկերության իրացման շրջանառության 100 տոկոսն արտացոլվել է ՀԴՄ միջոցով  և ձևակերպված է որպես մանրածախ վաճառք: Մինչդեռ ուսումնասիրելով ՀԴՄ կտրոններում տպագրված ապրանքների քանակները և գումարները՝ պարզվել է, որ ընկերությունը մեկ ՀԴՄ կտրոնով վաճառում է 50 և ավելի մեքենայի կայծամոմեր (свеча), գնդիկավոր կրունկներ (шарнир шаровой) և այլն, որոնց քանակներն, ըստ էության, ակնհայտ առևտրային են և պրակտիկորեն չեն կարող գնված լինել վերջնական սպառողի կողմից:

Վերոգրյալը կասկած է առաջացրել, որ ընկերությունը վաճառքները ձևակերպում է որպես մանրածախ իրացում վերջնական սպառողներին, սակայն իրականում այդ ապրանքներն, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի վաճառվում են վերավաճառողներին, ովքեր էլ իրենց հերթին հնարավորություն են ունենում հետագայում իրացման իրական շրջանառությունը թաքցնելու կամ նույնիսկ, առանց հարկային մարմնում հաշվառվելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու:

Նշված վերլուծություններով առաջացած հիմնավոր կասկածների հիման վրա, մինչև վարչարարություն իրականացնելը՝ հարկային ծառայողների կողմից կատարվել են նաև այցելություններ, իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում: Արդյունքում պարզվել է նաև, որ տվյալ ՀԴՄ-ն գրանցված է վերջնական սպառողի (մանրածախ ձեռքբերողի) համար անհասանելի վայրում, այն է՝ գործարանի տարածքում՝ մուտքի դարպասներից մոտ 1կմ հեռավորության վրա, որն էլ բազմաթիվ այցելությունների ընթացքում փակ է եղել:

Այդպիսով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց գործողություններն իրավաչափ են՝ միտված օրենքի անվերապահ կատարմանը:

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրենց իրական շրջանառությունը և ապահովել լիարժեք փաստաթղթաշրջանառություն՝ չնպաստելով անբարեխիղճ հարկ վճարողների անօրինական և ապապետական գործողություններին՝ հավելյալ վարչարարությունից խուսափելու համար:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Share