Բաժին. Ֆինանսական

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: «Մենք հիմա պատրաստում ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններ: Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատվի հարկերից: Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի ձեր բիզնեսը, ապա դուք ընդհանրապես կազատվեք հարկերից: Քննարկվում է, թե որ ոլորտները մտնեն այդ արտոնության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բիզնեսը ևս պետք է անզիվ լինի, աշխատի օրենքի շրջանակում: «Փորձը ցույց է տալիս, որ 250 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարն այն կարող էր մասնատել փորք շրջանառությունների, որ հարկերից խուսափեր: Այժմ քննարկվում են նաև այդ գործընթացները վերահսկելու մեխանիզմները»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Տոնավաճառ ցուցահանդեսը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Սփյուռքի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի՝ Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի այսօր՝ ժամը 20:00-ին:

Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները, զարդերն ու քաղցրավենիքը:

Share