Բաժին. Ֆինանսական

Մի շարք գործոնների արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել գազի սակագինը

Գազամատակարարման համակարգում կորուստների, ծախսերի նվազեցման և շահութաբերության կրճատման արդյունքում հնարավոր կլինի գազի սակագինը Հայաստանում նվազեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը քննելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփվելով հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքները:

«Գազի սակագնի իջեցման համար պետք է այնպես անենք, որ բալանսը չխախտվի: Քննարկման առարկա պետք է դարձնենք գազի փոխադրման համակարգում կորուստները, շահութաբերությունը, ծախսերի օպտիմալացումը: Դրա արդյունքում, ես պնդում եմ, որ կունենանք սակագնի նվազեցում: Եվ, իհարկե, լրջագույն հարց են մնում սահմանին գազի սակագինն իջեցնելու համար բանակցությունները: Եթե սահմանին փոփոխություն չլինի, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի»,-ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, թե եղել է, որ սահմանին  սակագինն իջել է, սակայն վերջնական սակագինը չի նվազել: «Եվ 2015 թ.-ի հունվարի 1-ից այդ 8.9 մլրդ դրամը կուտակվել է «Գազպրոմ Արմենիա»-ում: Սակայն, նաև եղել է  պահ, երբ գինը չի իջել, սակայն վերջնական սակագինն իջել է 146-ից 139 դրամ՝ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի ներքին բոնուսի հաշվին: Հիմա եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկենք, որ գնան բոնուսների կտրուկ նվազեցման ճանապարհով, ապա մեծ ռեզերվ կունենանք»,- ընդգծեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ գազի սակագնի իջեցման հնարավորությունը պետք է քննարկել, սակայն դեռ կոնկրետ ցուցանիշ չի կարող ասել:

Share