Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանի ուղերձը՝ դրամի ներդրման 25-ամյակի առթիվ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ուղերձը՝ հայկական դրամի 25 ամյակի առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ:

Քսանհինգ տարի առաջ այս օրը Հայաստանի  Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:

Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման:

Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին:

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ:

Share