Բաժին. Ֆինանսական

Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8%

Այս տարվա 12-ամսյա գնաճը Հայաստանում նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս: Ցուցանիշը Կենտրոնական բանկի կանխատեսումներից բավականին ցածր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

«Այս տարվա արդյունքներով գնաճը ձևավորվել է մեր կանխտեսումներից ցածր: Ցածր գնաճային միջավայրը, որն ունեցել ենք վերջին մի քանի տարիներին, պահպանվել է նաև վերջին ամիսներին: Սա թույլ Է տալիս, որ մեր դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնվող: Տարեվերջի ցուցանիշը ևս կանխատեսածից ցածր է լինելու: Այս ցուցանիշին նպաստել են մի շարք գործոններ: Առաջինը` ուրվագծվում է մրցակցութան ավելացման միտում նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք գրաված կազմակերպություններ կան: Կազմակերպություններն ավելի երկար են ծանրութեթև անում գների փոփոխության հետ կապված: Միջազգային գների հետ համեմատած ևս նվազման միտումներ կան: Եթե միջազգային շուկայում ավելացում է լինում, մեր շուկայում դա չի լինում բավականին երկար ժամանակ»,-ասաց Ստեփանյանը:

 Նա ցածր գնաճի պատճառներից մեկը համարեց նաև այն, որ կառավարությունն ավելի շատ է ուշադրություն  դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, փորձում է  վերացնել կոռուպցիոն ռիսկերը: Նրա կարծիքով` տարեկան ցուցանիշներն ամփոփելիս տեսանելի կլինի, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան: Դեֆիցիտի ցուցանիշը ևս փոքր է, որն իր ազդեցությունն է ունենում գնաճի ցուցանիշի վրա: 1.3 տոկոսի դեֆիցիտ է սպասվում այն դեպքում, երբ դա նախկինում եղել է 2 տոկոս:

Ստեփանյանը ցածր գնաճի վրա ազդող երրորդ գործոնը համարեց գյուղատնտեսությունում տեղի ունեցած երևույթները: «Այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները բացասական միտումներ ունեն: Նոյեմբերին ավելի քան քսան տոկոս անկում է  եղել: Օգոստոսից սկսած այս ցուցանիշները մեզ հուշում էին, որ գյուղարտադրանքի առաջարկը պետք է կտրուկ նվազեր, որը պետք է բարձրացներ դրանց գնային ֆոնը: Սակայն մեծ կշիռ ունեցող սեզոնային ապրանքների համար պահպանվեցին նույն` նախորդ տարվա գնային ցուցանիշները»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ տարեվերջի ցուցանիշներով կունենանք ավելի ցածր գնաճ, քան ԿԲ-ն կանխատեսել էր:

Share