Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2018թ

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 42.22 մլրդ դրամ՝ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 21.5%-ով կամ 7.47 մլրդ դրամով։ 2017թ.-ին Գրանդ Տոբակոն ցուցակի երկրորդ հորիզոնականում էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը՝ 41.05 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ՝ 22.38 մլրդ դրամով կամ +119.8%-ով։ 2017թ.-ին ԶՊՄԿ-ն 5-րդն էր։

Եռյակը եզրափակում է Գազպրոմ Արմենիան՝ 39.98 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. համեմատ՝ +0.26 մլրդ կամ +0.67%։ 2017թ.-ին Գազպրոմ Արմենիան գլխավորում էր ցուցակը։

Չորրորդ տեղում է ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը, որը պետբյուջե է վճարել 18.4 մլրդ դրամ հարկ՝ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ՝ 5.94 մլրդ դրամով կամ 47.7%-ով։ 2017թ.-ին ընկերությունը 7-րդն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.8 մլրդ դրամ հարկ, 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 3.36 մլրդ դրամով կամ 24.99%-ով։ 2017թ.-ին հանքարդյունաբերական ընկերությունը 6-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ալեքս Հոլդինգը՝ 16.19 մլրդ դրամ՝ -5.28 մլրդ կամ -24.59%։ 2017թ.-ին ընկերությունը ցուցակի 4-րդ հորիզոնականում էր։

Յոթերորդ տեղում է Ջեյ Թի Այ Արմենիան՝ 13.99 մլրդ դրամ՝ +1.98 մլրդ կամ +16.53%։ 2017թ.-ին ընկերությունը 9-րդն էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան ութերորդն է՝ 13.62 մլրդ դրամ՝ +1.98 մլրդ դրամ կամ +17%։ 2017թ.-ին ընկերությունը ցուցակի 10-րդ հորիզոնականում էր։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն իններորդն է՝ 13.13 մլրդ դրամ՝ +1.74 մլրդ դրամ կամ +15.32%։ 2017թ.-ին ընկերությունը ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը բյուջե է վճարել 12.25 մլրդ դրամ՝ -0.21 մլրդ դրամ կամ -1.69%։ 2017թ.-ին ընկերությունը 8-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1՝ առևտրի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 227.65 մլրդ դրամ հարկ, ինչը 2017թ.-ի ցուցանիշից ավել է 39.64 մլրդ դրամով կամ 21.08%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 566.48 մլրդ դրամ է, ինչը 69.66 մլրդ դրամով կամ 14.02%-ով գերազանցում է 2017թ. ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 926.77 մլրդ դրամ, ինչը 2017թ. ցուցանիշից ավել է 119.37 մլրդ դրամով կամ 14.78%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.56 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.12 տոկոսը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 15/02/19 դրությամբ՝ 487.51 դրամ) , ապա առաջատար տասնայկի կողմից մուծվել է 466.97 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.162 մլրդ դոլար և 1000-ի կողմից՝ 1.901 մլրդ դոլար։

Ցուցակն ամբողջությամբ

Share