Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ-ն ընդլայնում է Հայաստանում կանաչ ֆինանսավորման ծավալները

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը ԱրմՍվիսԲանկին տրամադրել են 2.5 միլիոն Եվրո վարկ՝ փոքր բիզնեսներին վարկավորելու նպատակով և շարունակելու են իրենց աշխատանքը Ամերիաբանկի հետ

– Վարկավորումը աջակցելու է հաճախորդներին՝ կատարելու էներգաարդյունավետ և ջրօգտագործման արդյունավետ ներդրումներ

Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը առավել խորացնելու նպատակով, ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից:

ԱրմՍվիսԲանկին տրամադրված 2.5 միլիոն Եվրո վարկավորումից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները: ԱրմՍվիսԲանկը GEFF-ի ծրագրին միացող երկորդ բանկն է, Ամերիաբանկի վարկային գծի հաջողակ մեկնարկից հետո: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները:

Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաև հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) կողմից ֆինանսավորվող պարգևավճար ստանալուն: GEFF-ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է ԿԿՀ-ի կողմից: Տեխնիկական խորհրդատվությունը աջակցում է կանաչ ներդրումների հնարավորությունների բացահայտման ու գնահատման գործընթացում:

Փետրվարի 19-ին, Երևանում  տեղի ունեցավ Հայաստանում GEFF-ի նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին GEFF-ի բոլոր շահառուները՝ դոնորներ, պետական պաշտոնյաներ, տեղական գործընկեր ֆինանսական կառույցներ, կանաչ տեխնոլոգիաների արտադրողներ և մատակարարներ: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշեց, որ «Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և ԱրմՍվիսԲանկի հետ՝ նպաստելով էներգաարդյունավետ և ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Այսօր, համագործակցություն հաստատելով ԱրմՍվիսբանկի հետ, որը հայտնի է որպես կայացած հաճախորդների բազա ունեցող բանկ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»:

GEFF-ը նպաստելու է Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն»  մոտեցման:

Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչ օրս, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրագործման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:

2006 թվականից ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն իր գործունեության 38 երկրներում:

Share