Բաժին. Ֆինանսական

Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղափոխվել է հոկտեմբերի 6-9` Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն: Ցուցահանդեսն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ: WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9  անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

«ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի՝ շուրջ 33 նախարարից բաղկացած պատվիրակությունը:

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություն, որոնց վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ Դիջիթեք 2019-ի պաշտոնական կայքում:

Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը:

Share