Բաժին. Ֆինանսական

Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝ վերացնել. Վարչապետը դա կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների ցանկում ներառել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման պահանջը: Ինչպես նաև վերջնաժամկետ է սահմանվել պլաստիկ քարտերի, այդ թվում՝ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման համար:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: «Փոփոխությամբ առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են և ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով մենք հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողներն օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա ընդհանրապես այն վերացնելուն:

«Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում մենք խնդիր ենք ստեղծել: Երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկվում էր այն խնդիրը, որ պետք է ոլորտում պետական մենաշնորհ չլինի և պետք է շուկան ազատականացվի: Մենք, ըստ էության, շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Մեր ունեցած ՀԴՄ-ները շատ արագ սպառվեցին՝ նաև կապված նրա հետ, որ մենք գներն էականորեն իջեցրեցինք: Եվ հետո շուկայում դեֆիցիտ առաջացավ, և փաստորեն մասնավոր հատվածը մինչև հիմա այդ դեֆիցիտը չի կարողանում լրացնել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է կանխիկի շրջանառությունը ընդհանրապես վերացնելու ռազմավարական խնդրի լուծման կարևորությունը: «Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, որպեսզի դրամաշրջանառության հետևելիությունը լինի մաքսիմալ ամենաբարձր աստիճանի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Անանյանը տեղեկացրել է նաև, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որպեսզի բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու. դա կխթանի անկանխիկ շրջանառությունը:

Share