Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

ՀՀ ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է իր աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը` դարձնելով 4: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտնեց լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը` ներկայացնելով վերջին մեկ տարում նախարարության աշխատանքը:

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխատակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը կրճատված ավտոմեքենաների կոնկրետ թիվը չհիշեց, սակայն նշեց` կրճատվել են մոտ 16-ով:

Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայում մենք հավաքվեցինք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այսպիսով հիմա չեն վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ:

Share