Բաժին. Պաշտոնական

«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով

«Ջավախք» հայրենակցական միությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Ջավախք» հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի և ջավախքահայության ոչ պակաս կարևոր հիմնախնդիրները, այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն:

Ուստի, կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:

Սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը»:

Share