Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրադրության ամենատրամաբանական լուծումը համարում է քաղաքական կուսակցությունների կողմից սահմանադրության և օրենքի շրջանակում իրադրության քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Կարապետյանը հիշեցրեց ապրիլի 24-ին տարածած հայտարարությունը՝ որով դիմել էր ՀՀ նախագահին՝ առաջարկելով  իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջև: «Ընդ որում նշել ենք, որ որևէ փակ օրակարգ չկա: Ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ, եթե քաղաքական ուժերը համաձայնեն»,- հիշեցրել է նա:

Կարապետյանը, դիմելով լրագրողներին, որպես հասարակության, քաղաքացիների վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցող, ամենաակտիվ քաղաքացիական շերտ՝ հանդես գալ հանդուրժողականության կոչերով:  «Մենք այսօր որևէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դրել և չենք դնում: Հետևաբար` կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, քաղաքական կուսակցությունները մեր սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն և քննարկեն իրադրությունը: Եթե իրենք որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվենք, բոլորը լինեն հավասար խաղի պայմաններում, ըստ դրա արդեն կշարժվենք առաջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա շեշտեց, որ այսպես շարունակելով լինելու են շատ տնտեսական խնդիրներ, խնդիրներ ներդրողների հետ կապված, զբոսաշրջիկները չեն գալու:

«Ապակայուն վիճակը չի կարող օգուտ տալ մեր երկրին, այդ իսկ պատճառով ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին , ծնողներին, երեխաներին, ուսանողներին՝ առավելագույնս սթափ մտածել, թե ինչ ենք մենք ուզում: Շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կարծիքը և դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու և խոսելու են: Թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա հայտնեց, որ մշտապես ձեռքը պահում է զարկերակի վրա և տեսնում, թե ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, գործարարների հետաքրքրությունը: «Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական վիճակը բարձրացնելը շատ դժվար է լինելու: Չգիտեմ հիշում եք, թե չէ, մենք առաջին 3 ամիսն ունեինք 10.6 տոկոս տնտեսական աճ, լավ միտում կա: Շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դեռ իր վրա դա չի զգում: Բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա: Պետք է այս ամենը գա, հանգի մի կետի, որից հետո քաղաքացիները կզգան դա»,- նշել է Կարապետյանը:

Share