Բաժին. Պաշտոնական

Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ Արտակ Դավթյանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան», – գրել է Փաշինյանը։

Վարչապետի գրառումից հետո հրապարակվել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, որով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով», – ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը մինչ այս ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։

Share