Բաժին. Պաշտոնական

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով նախարարին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը կարևորեց տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման մեջ և ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու համագործակցությունն այդ ոլորտներում։

Նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշեց, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծեց ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները։

Share