Բաժին. Պաշտոնական

Փաշինյան․ իմ գործունեության երկու ամենակարևոր ուղղություններն ու ուշադրությունը կենտրոնացած են կոռուպցիայի ու բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների վրա

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության երկու կարևոր ուղղություններն է համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այս մասին վարչապետը հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի ընթացքում, որին ներկա էին նաև ընկերության աշխատակիցները: Նախ` Փաշինյանը կատակեց, որ առաջին անգամն է այդ երիտասարդների հետ գտնվում գրասենյակային տարածքում, նրանք միշտ համատեղ գտնվել են նույն փողոցում կամ հրապարակում: «Կարծում եմ՝ սա խորհրդանշական փոփոխություն է մեր հարաբերություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ արժանանալով ներկաների ծափերին:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կոտրում է անհնարինի սահմանն ու ընդլայնում հնարավորի շրջանակը: «Ես այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում: Եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը աճում է, սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ. կամ այդ մարդը ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դրա համար էլ իմ գործունեության երկու ամենակարևոր ուղղություններն ու ուշադրությունը կենտրոնացած են կոռուպցիայի ու բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների վրա: Առաջին դեպքում՝ մտայնությունն այն է, թե անհնար է, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, որևէ հույս չկա: Երկրորդ խորհրդանիշն ասում է, որ անհնար ոչինչ չկա: Դրա համար էլ մենք  կարևորում ենք բարձր տեխնոլոգիաները, քանի որ դա ընդլայնում է հնարավորի սահմանը»,-նշեց վարչապետը: Նրա դիտարկմամբ՝ գուցե այսօր էլ շատ մարդկանց համար կան անհնարին թվացող երևույթներ, որոնք այս ոլորտի մասնագետները հնարավոր կդարձնեն 5-10 տարի հետո:

 Նիկոլ Փաշինյանը խոսեց արտագաղթի մասին, բայց ոչ երկիրը լքելու, այլ հին իրականությունից նոր իրականություն արտագաղթելու մասին: Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները հենց դրա առաջամարտիկն են: «Պետք է Հայաստանը լքելու արտագաղթը փոխարինենք Հայաստանի ներսում մի իրականությունից մյուսը տեղափոխվելու արտագաղթով: Այս իմաստով կրթության մասին խոսակցությունն ամենակարևորն է: Կրթությունը միայն գիտելիքի ձեռքբերումը չէ, իհարկե, դա կրթության կարևոր բաղադրիչն է, բայց ամեն ինչ սկսած՝ վարվեցողությունից, մինչև երկու մարդու միջև հարաբերություններ, կրթական հարցեր են»,-շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Share