Բաժին. Պաշտոնական

Արսեն Թորոսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցչին ծանոթացրել է ՀԲ ընթացիկ ծրագրերի և ոլորտում բարեփոխումների ընթացքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով գլոբալ պրակտիկայի տնօրեն Ֆադիա Սաադահին: Վերջինս Հայաստանում է՝ ծանոթանալու ՀԲ ընթացիկ ծրագրերի և ոլորտում բարեփոխումների ընթացքին, նաև քննարկելու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ապագա աջակցության հեռանկարները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը, նաև անդրադարձել ՀԲ կողմից կազմվող զեկույցներում ու վարկանշային աղյուսակներում տարբեր ցուցանիշերի գծով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներին ու դրանք բարելավելու հարցերին:

Ֆադիա Սաադահը հետաքրքրվել է այն առաջնահերթություններով, որոնք առողջապահական գերատեսչությունը շեշտադրում է իր քաղաքականության մեջ, ապա և այն ծրագրերով, որոնցում ակնկալվում է բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

«Եկող տարվա առողջապահության ոլորտի բյուջետային ուղղակի հատկացումների «առյուծի բաժինը» հատկացվելու է առողջապահության առաջնային օղակին, քանի որ մեզ համար գերակա է հիվանդությունների կանխարգելումը: Այս նպատակով նաև քննարկում ենք սքրինինգային որոշ ծրագրերի ներդրումը, շեշտադրում ընտանեկան բժշկության ինստիտուտի «վերակենդանացումը»: Ծխելու դեմ պայքարն ամրագրում ենք օրենքով, և այս աշնանն արդեն օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք խորհրդարան»,-փոխանցել է նախարար Թորոսյանը:

Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել գործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին:

Share