Բաժին. Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստ – 19/07/2018. տեսանյութ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպին: «Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,-նշել է վարչապետը և հույս հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի:

Վարչապետն անդրադարել է նաև չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին: «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել: Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

Share