Բաժին. Պաշտոնական

Բագրատ Բադալյանը հանդիպել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հուլիսի 18-ին ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը կարևորել են ԵՄ և Եվրոպական հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու տրանսպորտային ներդրումային պլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 3-րդ տրանշի և Մ6 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերականգնման ծրագրի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի համար առաջնային համարվող երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերին և գործակցության պլանին:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության հարցը՝ քննարկվել է նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող ծրագիրը` շեշտելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը կլինի շարունակական:

Share