Պաշտոնական | 17:39 12/09/18

Ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին

Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել նաև գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին: Վերջիններս ոստիկանության բաժնում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ  գրված է՝ նրանք «Կոմանդիր սեքյուրիթի» պահնորդական ընկերության ներկայացուցիչներ են:

Araratnews.am-ը կապ հաստատեց  Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի հետ՝ պարզաբանում լսելու կատարվածի մասին։ «Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը ի պատասխան ասաց. «Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հրահանգել էր «ռեյդ» իրականացնել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել. «Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերիյ Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»:

Սոնա Դավթյան

Facebook Linkedin Twitter Google+