Բաժին. Պաշտոնական

Գործադիրը «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիստում հավանության են արժանացել նաև «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Այսպիսով՝ կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունը, կարևորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը և ներկայացնում մի շարք առաջարկություններ: Մասնավորապես՝ օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատորի կազմակերպիչներին, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակով:

Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նշված հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ: Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել՝ արգելափակելու ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:

Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում: Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերին, որոնք հասանելի են ՀՀ տարածքում: Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ նման մոտեցումը կբերի հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը և ՀՀ-ում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական և ֆինանսական վիճակի վատթարացմանը: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ կարգավորումից:

Share