Պաշտոնական | 18:19 21/09/18

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները, որոնց լոկոմոտիվը կլինի բարձր տեխնոլոգիական արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Facebook Linkedin Twitter Google+