Բաժին. Պաշտոնական

Տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախարարի հանձնարարությամբ նախագահում էր նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով խորհրդի նոր անդամներին՝ Արմեն Արզումանյանը հույս է հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի աշխատանքը և առաջարկել է հաստատել օրակարգը:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված սոցիալական ոլորտի որևէ կարևոր գործընթաց խորհրդանշող թեմայով փոստային վճարման պետական նշան թողարկելու առաջարկը, որն էլ հավանության է արժանացել:

Քննարկվել են նաև փոստային վճարման պետական նշանների՝ 2018 թվականի թողարկման ծրագրով նախատեսված 7 նմուշների էսքիզները:

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց համաձայն՝ կարվեն էսքիզների ձևավորման փոփոխություններ, որից հետո միայն ընտրված նմուշները կներկայացվեն նախարարի հաստատմանը:

Խորհրդի անդամներն առաջարկություններ արեցին նաև օրակարգում ընդգրկված փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի կանոնակարգի նախագծի վերաբերյալ: Որոշվեց ըստ արված առաջարկությունների՝ լրամշակել կանոնակարգի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը։

Share