Բաժին. Պաշտոնական

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով. Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. Այն 100 %-ով բուսական ծագման է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել  է  անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

ՏՄՊՊՀ կողմից կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից  անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը

ՀՀ Մրցակցային մարմինը հարուցել է վարչական վարույթ «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա : Տեղեկացնենք, որ խմբագրության կողմից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա հանձնված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ կարագի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ բաղադրության մեջ առկա է բուսայուղ, ինչը  «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է: Կարագ կարող է կոչվել բացառապես կաթից պատրաստված արտադրանքը, հակառակ դեպքում այն կոչվում է սփրեդ: 

 ՀՀ ՏՄՊՊՀ-ը, սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացրել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «սեփական անարատ կաթից», «մեր գործն արդար է» գրառումներ, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում:

Նույն ֆերմայի, նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը 2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով

Խախտում կատարած ամիսների ընթացքում, ընկերության «քաղցրասերուցքային կարագ»  կոչվող արտադրանքի մեկ տուփը (200գր ) վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության և նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ: Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով, նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է:  Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո, «նույն ֆերմայի, նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ, կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ:  

Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը ևս բուսական ծագման է։ Հանձնաժողովը շարունակում է նաև ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Այս փուլում դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է  փորձաքննության, որի արդյունքների համաձայն հետևյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում ևս հայտնաբերվել է բուսական յուղ. « Երևանի Հ. 28 մանկապարտեզ», «Երևանի Հ. 157 մանկապարտեզ», «Երևանի Հ. 125 մանկապարտեզ», «Ժպիտներ» մանկապարտեզ, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ», «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»:  Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն, բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝  առանց հավելումների:  Նշենք նաև, որ կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300   դրամ:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը նախկինում ևս նույն խախտման համար հայտնվել է ՏՄՊՊՀ  տեսադաշտում

Հանձնաժողովը խիստ պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել նաև այն հագամանքը, որ  «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը վնաս է պատճառել հանրային շահին, իր արտադրանքը իրացրել է հանրապետության ողջ տարածքում՝  մասսայաբար մոլորեցնելով և վնաս  հասցնելով սպառողների շահերին: Բացի այդ,  իր վարքագծով անբարեխիղճ է գործել նաև մրցակիցների հանդեպ: Բուսական յուղի օգտագործման շնորհիվ և կարագի, և կաթնաշոռի պարագայում կարողացել է էժան ինքնարժեքով արտադրանք առաջարկել` ստանալով մրցակցային առավելություն մյուս  արտադրողների հանդեպ: Պատասխանատվության չափի կիրառման հարցում որոշիչ դեր է ունեցել նաև խախտման կրկնակիության հանգամանքը: Ընկերությունը 2014թ-ին դարձյալ հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին  մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

Share