Բաժին. Պաշտոնական

Քննարկվելու է Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների սակագների հարցը

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելու են մի շարք հարցեր, դրանց շրջանակում է լինելու նաև Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների սակագների հարցը: Նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի հարցում արդեն որոշակի փոփոխություններ եղել են, գները համահարթեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքվեց՝ հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների խորացումը, առաջիկայում նախատեսվո՞ւմ է  արդյոք բանակցությունների  այնպիսի գործընթաց, որ վերանայվեն Վրաստանի միջոցով բեռնափոխադրումների սակագները՝ ի օգուտ Հայաստանի, նաև Փոթիի նավահանգստից օգտվելու սակագները:

«Շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ անցկացնել միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Եվ տարբեր հարցերի շրջանակում քննարկվելու է նաև Ձեր բարձրացրած հարցը: Եթե խոսքը վերաբերում է նավահանգիստներում սակագներին, արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել նավթամթերքի, բենզին, դիզվառելիքի հարցում: Ըստ մեր նախնական պայմանավորվածության՝ համահարթեցվել են: Եվ այդ առումով շուկան հնարավորինս ազատականացվել է»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը: 

Նա նշեց, որ յուրքանչյուր քննարկում ենթադրում է որոշակի բանակցային գործընթաց: Ավինյանի խոսքով՝ իրենց նախնական խնդիրն այս առումով եղել է այն, որ հայկական շուկա ներմուծվող  ապրանքների համար  տնտեսվարողները որևէ արհեստական խոչընդոտ չունենան: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրն արդեն իսկ լուծված է: Իսկ սակագների հարցը քննարկման առարկա է: Վերջերս ցորենի և գարու ներկրման հետ կապված խնդիր ենք ունեցել: Այդ խնդրի շուրջ ևս բանակցություններ են եղել, և խնդիրը լուծվել է ժամանակավորապես»,- ընդգծեց Ավինյանն ու հույս հայտնեց, որ  միջկառավարական հանձնաժողովի հետագա նիստի ժամանակ այդ հարցերը վերջնական լուծում կստանան:

Ավինյանը վստահեցրեց, որ այդ ամենը դրված է բանակցությունների սեղանին:

Share