Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում․ Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին

Նիկոլ Փաշինյանը Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ է կատարել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին և պահանջել նրանցից հրաժարվել վարչական լծակների կիրառումից` ընտրական պրոցեսների ընթացքում: «Հին ավանդույթներն այլևս չեն գործելու: Դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին հնարավոր է դիմեն, որպեսզի ինչ-որ լծակներ օգտագործվեն` իրենց համար ընտրական առավելություններ ապահովելու համար: Մեր խնդիրը հստակ է` ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չպետք է ասի, թե նա ում ընտրի: Քաղաքացիները հետևում են քաղաքական գործընթացներին, քարոզարշավին և որոշում կկայացնեն իրենց քվեարկության հարցում: Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչական նպատակներով: Նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է և կրթական պրոցեսը կազմակերպելը: Մենք այս երևույթն արմատախիլ ենք անելու»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է: «Նման ցանկացած դրսևորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, և որևէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ-երի խնդիրներին, աշխատատեղերի բացմանը, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներին: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն, նոր աշխատատեղեր բացվեն, ինքնազբաղվածության հարց լուծվի: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ քաջալերվեն` իրենց արդյունքը ստեղծելու: Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան վաստակել, և՛ փոքր, և՛ միջին և՛ մեծ բիզնեսը: Մեր քայլերն ուղղված են այս ամենին: Հեղափոխության հաջորդ ամենակարևոր խնդիրը համարում եմ աշխատանքի քաջալերումը: Մենք մարդկանց պետք է օգնենք, որ հուսահատության, խեղճի, ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունն այլևս չլինի: Հայաստանը պետք է լինի և է հնարավորությունների երկիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միկրոբիզնեսին կառավարությունն ընդհանրապես ազատելու է հարկերից, ինչն արվում է աշխատանքը քաջալերելու համար: Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Ի պատասխան միջպետական փոխգործակցությանը և, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:

Share