Բաժին. Պաշտոնական

Գարեգին Բաղրամյան. Գազի գինը հունվարի 1-ից չի բարձրանա

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը բացառում է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարեգին Բաղրամյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի հետ կապված քննարկում եղել է: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել, բանակցությունները շարունակվում են»,- նշեց Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։

«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, այնպես չէ, որ հունվարից գազ չենք ստանալու», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գազի վերջնական գինը  պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։ Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»: «Տրամադրվածությունը հիմնված է երկու կողմերի փոխշահավետ և բարեկամական հարաբերություների վրա», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Share