Բաժին. Պաշտոնական

Միջուկային անվտանգության խթանման նպատակով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական Միության հետ «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նախագծին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի նպատակն է միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի խթանումը և միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշների իրականացումը, ինչպես նաև միջուկային անվտանգության շարունակական բարելավումը։

Համաձայնագրով նախատեսված է բարելավել ՀՀ-ում միջուկային կայանքների անվտանգությունը, ինչպես նաև փոխանցել ԵՄ-ի աշխատանքային նոու-հաուն և փորձը վերջնական օգտագործողին։

Համաձայնագրով նախատեսված է աջակցություն տրամադրել Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին և միջուկային օպերատորին՝ միջուկային անվտանգությունը խթանելու և, մասնավորապես, սթրես-թեստերի ավարտից հետո սահմանված անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6.5 մլն եվրո: Դրա իրականացման ժամանակահատվածը կազմում է 96 ամիս:

Ակնկալվում է, որ ծրագրերի հաջող իրականացումը կնպաստի միջուկային անվտանգության ընդհանուր բարելավմանը, հետևաբար կնվազեցվի հնարավոր միջուկային վթարների հետևանքով առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված ռիսկերը։

Share