Բաժին. Պաշտոնական

Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել․ Նիկոլ Փաշինյանը՝ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների խնդրի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը և ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել:

«Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն այսօր, գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, այնտեղ են և շուտով հերթով կբացահայտվեն: Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն: Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ: Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, և ես կանդրադառնամ: Եվ այն պաշտոնյաները…, որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին: Շատ հստակ եմ ասում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share