Բաժին. Պաշտոնական

Չինական կողմին ներկայացվեցին Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը, դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։

Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքներն առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։

Չինական կողմին ներկայացվեցին Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները։ Վազգեն Պետրոսյանը նշեց, որ չինական «Սինոհիդրո» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունը։ Պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսևորեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցում։

Share