Բաժին. Պաշտոնական

Կարճաղբյուրի չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Տասնամյակներ շարունակ չվերանորոգված, գյուղամիջյան քայքայված ճանապարհները վերականգնվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրված միջոցների շրջանակներում։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Աշխատանքների մեկնարկը տրվել է մայիսին, ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին։ Սակայն շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարներն այն հասցրել են ավարտել ժամկետից 1,5 ամիս շուտ՝ հոկտեմբերի վերջին։

Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ճանապարհային պատվածքի խճային հիմք, կատարվել է երկշերտ ասֆալտապատում։ Վերականգնվել են կողնակներն ու մուտքերը, տեղադրվել են մետաղական կիսախողովակներով վաքեր, կառուցվել է հենապատ։

Երթևեկելի հատվածներում տեղադրվել են ճանապարհային նշաններ, կատարվել են գծանշումներ։

Գյուղամիջյան փողոցներից բացի՝ ճանապարհաշինարարները վերականգնել են նաև համայնքի տարածքում գտնվող վթարային կամուրջը։

Share