Բաժին. Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման նպատակով պետբյուջեից շուրջ 270 մլն դրամ է հատկացվել

Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման նպատակով պետական բյուջեից միջոցներ են հատկացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Շուրջ 270 միլիոն դրամ է հատկացվել, որպեսզի կապիտալ վերանորոգում իրականացվի կոյուղու և մի շարք այլ հանգույցներում, մասնավորապես` «Նուբարաշեն», «Վարդաշեն» «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Ասեմ ավելին, այս մրցույթները արդեն անցկացվել են և շուրջ 100 միլիոն դրամ այդ 270 միլիոն դրամից խնայվել է և կվերադարձվի պետական բյուջե»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով` Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ,որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված  անձինք:

«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ կարողանալ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական բժշկական ծառայություններով և սպասարկմամբ»,- եզրափակեց Զեյնալյանը:

Share