Բաժին. Պաշտոնական

DataArt-ը հետաքրքրված է Հայաստանում կենտրոն հիմնելու ծրագրով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն և Յուլյա Զավիլեյսկայային։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

«DataArt»-ի ներկայացուցիչները Հակոբ Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։ «DataArt»-ը գործում է արդեն 20 տարուց ավելի և առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, տուրիզմի, մեդիայի և ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։

Ընկերության երկու տասնյակ կենտրոններում աշխատում են 2600-ից ավելի մասնագետներ։ Ծառայությունների աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն։

Միխայիլ Զավիլեյսկին նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է համագործակցությամբ, այդ թվում` Հայաստանում իրենց կենտրոնը հիմնելու ծրագրով։ Նրանք պատրաստակամ են աջակցելու նաև ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը, ինտեգրվելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին և կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է տարբեր տարիներին, այդ թվում նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հայ մասնագետների բարձր որակավորումը, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որոնց հիմքի վրա ներկայում էլ ակնհայտ են ոլորտի զարգացման ու առաջընթացի միտումները։

Նախարարն ընդգծել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի նշանակալի  դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է նաև, որ ներկայում բուհում լուրջ բարեփոխումների փուլ է, ոլորտի առաջատար ընկերություններ ընդգրկված են կրթական մոտեցումների մշակման գործընթացում և իրենց լաբորատորիաններն են բացում այնտեղ։

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ Հայաստանում  նորարարության պակաս չկա, և համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծման պարագայում սրընթաց վերելքն անխուսափելի է լինելու։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությանը , որի մաս են կազմում նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն ու ազգային վենչուրային հիմնադրամ ունենալու նախագիծը։

Քննարկվել են համագործակցության հնարավոր բոլոր ուղղությունները, դրանցում հայ մասնագետների ներգրավվածության հնարավորությունները։

Share