Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան. Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրված կոշիկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն:

Ավելի քան 60 ընկերություն  ու անհատ ձեռներեց  առանձին տաղավարներով  ՀՀ վարչապետին ու  Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը: Ներգնա  տուրիզմից մինչև արտագնա՝ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները ՀՀ  վարչապետին ներկայացրին իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝  մարզի  տարածքում գտնվող  պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների  համար նախատեսված  շրջաններ: Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն էլ արդեն շատերի համար զբոսաշրջային ամենահետաքրքիր  վայրերից է: Զբոսաշրջիկների հոսքը  հատկապես  մեծ  է ՌԴ-ից: Բացի կոլորիտային ու պատմական շենք-շինություններից, առաջարկվում է նաև  հետաքրքիր  խոհանոց:

Ռեստորանային համալիրները, սրճարաններ, թեյարաններ, սոցիալական բիզնեսներ՝ այն ծառայություններն  են, որոնք արդեն փորձում են մատուցել քաղաք  այցելած հյուրերի  ճաշակը հաշվի առնելով:

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով: Սակայն սա միակ նվերը չէր. տեղական ՏԱՎՐՈՍ արտադրության  կոշիկները  վարչապետը խոստացավ անպայման կրել: «Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ  հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,-նշեց վարչապետը:

Շիրակը  զարգացնելու լավագույն տարբերակը նաև արհեստն ու արվեստն է; ՀՀ վարչապետն այստեղ փորձեց երկաթյա  դարբնագործական իր պատրաստել: Տաղավարներից մեկում էլ  խոստացավ հաջորդ անգամ փորձել Գյումրիի  խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին մասնակցել:

Այն, որ վերջին տարիներին Գյումրիում թեև  փոքր  քայլերով, բայց փորձում  են  վերականգնել թեթև  և  սննդի  արդյունաբերական ներուժը՝  վկայում էին բոլոր տաղավարները: Չնայած դեռ վաղ է խոսել նախկին ծավալներից, սակայն  իր ուրույն տեղն ու դերը ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի շուկայում ունի մարզի արդյունաբերությունը: Դրա վառ օրինակներից են Գյումրիում արտադրված գուլպաները, ջինսերը մսամթերքն  ու կաթնամթերքը: Բավական մեծ տաղավարով ներկայացված էր նաև Գյումրու  գարեջուրը՝  իր  նոր հնդկաձավարի գարեջրով: ՀՀ վարչապետը  նաև հաճելիորեն  զարմացավ՝ իմանալով մեկ օր առաջ Ամասիայում բացված բրդի գործարանի մասին. «Շատ  ուրախ եմ,  բրդի արտադրության գործարան է բացվել: Սա  նախ և առաջ  ֆերմերների համար է  շատ լավ. կկարողանան ոչխարաբուծությունը  զարգացնել»:

Շրջայցի  ընթացքում վարչապետը ծանոթացավ նաև մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին,  որպես առաջին այցելու գրանցվեց նաև ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում:

Share