Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանը իրատեսական է համարում Արցախի 2020թ. բյուջեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:

Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի մի շարք ուղղությունների վրա:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ 2020 թվականի բյուջեն իր էությամբ իրատեսական է, ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն, իսկ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմպերի ապահովումը:

Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը, այդ թվում, նախատեսվում է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակները, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձը:

«Իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են մնալու բանակաշինության, անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտել է իր ելույթում Նախագահը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեն:

Share