Բաժին. Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ Կոլեգիայի նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նորանշանակ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ ուրախ է, որ պարոն Մյասնիկովիչի պես փորձառու պետական գործչին է վստահվել այդ պատասխանատու պաշտոնը: Փոխվարչապետը ներկայացրել է իր պատկերացումները ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ:

Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ փոխվարչապետի հետ հանդիպմամբ սկսում է իր հանդիպումների շարքը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ հետագա զարգացման ուղղությամբ փոխվարչապետի կողմից հնչեցված գաղափարների համար և բարձր գնահատել ՀՀ փոխվարչապետի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՀ խորհրդի աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության առջև բացված հնարավորությունների, ծառացած խնդիրների, միության առանձնահատկությունների և դրա զարգացման հեռանկարի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամների օրենսդրությունների ներդաշնակեցման կարևորությանը, ներքին առևտրի խոչընդոտների վերացման և անդամ երկրների առանձնահատկությունների հիման վրա ընդհանուր կարգավորումների սահմանման անհրաժեշտությանը:

Երկուստեք արձանագրվել է, որ բավականին մեծ աշխատանք է տարվել Միության գործունեության ընթացքում, բայց դեռ շատ անելիքներ կան, որոնք հնարավոր է իրականացնել ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ ջանքերով:

Share