Բաժին. Պաշտոնական

ԱԺ. Բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարցն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց  կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­

«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ստացավ 87 կողմ ձայն:

Գործող օրենսդրությունը որոշակիորեն բարդացնում է առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկությունը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

Share