Այլ Լուրեր | 14:30 30/10/17

Հայաստան Հիմնադրամ․ 7 նոր տուն՝ բազմազավակ ընտանիքներին

Ամեն ամիս վարձ վճարելը, մեկ տան մեջ բարեկամների հետ ապրելը, կենցաղային տարրական պայմաններ չունենալն այլևս խնդիր չէ բազմազավակ ևս 7 ընտանիքի համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2015 և 2016 թվականների Հեռուստամարաթոններին հավաքված հանգանակությունների, ինչպես նաև անհատ բարերարների ֆինանսավորման շնորհիվ շարունակում է Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին սեփական տներ նվիրաբերել։

Հոկտեմբերի 23-27-ը տներ ստացան Արցախի Ասկերան, Մարտունի, Շահումյան, Հադրութ, Քաշաթաղ շրջանների Նորագյուղ, Վարանդա, Չարեքթար, Խանձաձոր և Վուրգավան գյուղերի բազմազավակ 7 ընտանիքները։ 7 ընտանիքների բնակարանամուտների հովանավորումը կատարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների՝ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեանների, Գրիգորյաններ ընտանիքի և Ջերի Թրփանջյանի շնորհիվ։

Նորագյուղում տուն ստացած Շահբազյանների և Վարանդայում տուն ստացած Բաղրյանների ու Մուսայելյանների բարերարը ամերիկահայ Անդրանիկ և Սեդա Պաղտասարեաններն են։ Անդրանիկ Պաղտասարեանը մեծանուն Քըրք Քըրքորյանից հետո Հիմնադրամին միանվագ նվիրատվություն կատարած ամենախոշոր բարերարն է: Պաղտասարեանի նվիրատվությունների շնորհիվ նաև հնարավոր եղավ կառուցել Հիմնադրամի ամենածավալուն ծրագրերից Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Թալիշում իրականացնել բազմաթիվ ծրագրեր։

Չարեքթար գյուղում Աղաջանյաններն ու Կանդուցները, իսկ Վուրգավանում Գոքորյաններն այսուհետ սեփական հարկի տակ կապրեն ամերիկահայ բարերար Ջերի Թրփանջյանի ֆինանսավորման շնորհիվ։ Ջերի Թրփանջյանը այս տարվա մայիսին հովանավորել էր ևս մեկ բազմազավակ ընտանիքի բնակարանամուտը Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղում։ Թրփանջյանի հովանավորմամբ նաև կառուցվել են մի շարք դպրոցներ Արցախում։

Իսկ Քարամյանների բազմազավակ ընտանիքը Խանձաձորում տուն ստացավ ամերիկահայ բարերարներ Գրիգորյանների ընտանիքի հովանավորությամբ։

Յուրաքանչյուր տուն բաղկացած է 4 սենյակից, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, լիովին կահավորված է, ապահովված է տաք և սառը ջրով, օդափոխության համակարգով։ Տների շինարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին վերահսկել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը։

Facebook Linkedin Twitter Google+