Բաժին. Այլ Լուրեր

Կարեն Կարապետյան. Անչափահասներին արգելված արտադրանքի վաճառքի կանխարգելումն անբավարար է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին արգելված արտադրանքի վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելմանը: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված։ Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ և հստակեցված չեն գործառույթները»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Share