Բաժին. Այլ Լուրեր

«Թումո»-ն Հայաստանի լավ ապագայի առաջին ծաղիկն է. Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում

Հայաստանում իշխող քաղաքական ուժի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին շրջայց կատարեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իր այցը «Թումո» պատահականություն չէ: «Սա սկզբունքային այց է, որովհետև ես հավատում եմ, որ եթե մենք մտածում ենք, երազում ենք մեր հանրապետության լավ ապագայի մասին, ապա «Թումո»-ն առաջին ծաղիկն է, որն ուղիղ ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա: Բնական է` Հայաստանը տնտեսության բոլոր ոլորտներում պետք է ունենա հաջողություն` գյուղատնտեսությունից մինչև շինարարություն, արդյունաբերությունից մինչև բանկային համակարգ: Բայց կա՞ արդյոք մի ուղղություն, որը մեզ տանելու է 21-րդ դար, կա՞ ուղղություն, որը մեզ թույլ է տալու դուրս գալ իրական մեծ շուկա: Կա՞ ոլորտ, որտեղ կարող ենք օգտագործել նաև սփյուռքահայության ռեսուրսները: Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը կա: Խոսքը ժամանակակից տեխնոլոգիաների մասին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ հարկավոր է ժամանակակից տեխնոլոգիաները ճիշտ կազմակերպել և դուրս բերել միջազգային շուկա: «Իսկ այդ շուկան առնվազն ԵԱՏՄ տարածքն է մեզ համար, իսկ քանի որ Հայաստանը լավ հարաբերություններ է կառուցում նաև Եվրոպական Միության հետ, այդ իմաստով կամուրջն է այդ երկուսի միջև: Ես հետևում եմ մամուլի տեսությանը, չեմ զարմանում, երբ իմ մասին ուրիշներին հարցեր են տալիս, սակայն զարմանում եմ, որ «Թումո»-ի հաջողությունների մասին, այն մասին, որ «Թումո» կենտրոն է բացվելու նաև Փարիզում, խոսք չկա: Այն, որ Փարիզում «Թումո» է բացվելու, ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնում: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է Հայաստանի տարածքում օգտագործել սփյուռքահայ Սամ Սիմոնյանի  գաղափարները, պրոֆեսիոնալիզմը, Հայաստանի նախագահի և կառավարության աջակցությամբ ստեղծել մի հետաքրքիր լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում: Եվ այսօր զարմանալի չէ, որ փոքր Հայաստանն այսօր արտահանելու է այս կրթական համակարգը: Եվ սրա հիման վրա կարելի է ուրիշ այլ փորձեր անել, ուստի իմ այցն այս կենտրոն պատահական չէ»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Share