Բաժին. Այլ Լուրեր

Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Ալեքսանյանը: «Ես որոշել եմ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում վերացնելու է մենաշնորհները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ էլ կանի: Ես մենաշնորհ չունեմ: Ես կողմ եմ, թող վերացնի բոլոր մենաշնորհները»:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին: Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը: Մայիսի 1-ին կայացած քվեարկությանը, սակայն, Ազգային ժողովը 45 կողմ, 56 դեմ ձայներով չկարողացավ ընտրել Փաշինյանին որպես վարչապետ: Նրան անհրաժեշտ է 53 կողմ ձայն:

Share