Բաժին. Այլ Լուրեր

Հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հուլիսի 13-ին մարվեց հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։

Հատուկ ծրարի մարումն իրականացրին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավորող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նախարար Աշոտ Հակոբյանը, ողջունելով հատուկ ծրարի մարման արարողությանը ներկա հյուրերին, անդրադարձավ հայ անվանի գիտնականի ունեցած մեծագույն ներդրմանը համաշխարհային գիտության առաջընթացի ու զարգացման գործում։ Նա նշեց, որ յուրաքանչյուր ազգի համար մեծ հպարտություն է ունենալ նման տաղանդավոր զավակներ։

«Այսօրվա մեր շնորհանդեսը Յուրի Հովհաննիսյանին նվիրված հարգանքի տուրքի նվազագույն արտահայտություն է, որով մենք մեծարում ենք մի մարդու, ում պատվին, նրա կյանքի օրոք, անվանվել է Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Հատուկ ծրարը յուրօրինակ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով:

Ծրարի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված, Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը և 2016 թվականին հայ մեծ գիտնականի պատվին անվանվել է oganesson (Og):

Հատուկ ծրարի վրա փակցված է 2017 թվականին շրջանառության մեջ դրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային նվիրված նամականիշը:

Ծրարի դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Տպաքանակը 500 օրինակ է:

Share