Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ. վարչապետ

Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի գրավոր համաձայնագիր նոր սխեմայի մասին, որի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում, սակայն մենք մեծապես հետաքրքրված ենք այդ նախագծով: Խոսքը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև եռակողմ համաձայնության մասին է: «Ընկերությունը պետք է պայմանականորեն օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել: Մոդելը հետևյալն է՝ նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, ապա Ռուսաստանի տարածքում, վրաց մաքսավորների ներկայությամբ ու նրանց հետ համագործակցելով, հանեն կապարակնիքները: Սրա հետ կապված համաձայնությունները կնքված են: Հայաստանը, համաձայնության կողմ չլինելով, բնականաբար, շատ շահագրգռված է, որ նախագիծն իրականացվի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ թե ռուսաստանցի, թե վրացի գործընկերները հավաստիացնում են, որ պատրաստ են կյանքի կոչել ծրագիրը:

«Այնտեղ հիմա ենթակառուցվածքների խնդիր կա, դրանք պետք է պատրաստվեն: Ցավոք, մենք կողմ չենք և խնդրի լուծումները մեր հասանելիության տիրույթում չեն, սակայն մենք բնականաբար ակտիվ բանակցում ենք: Հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- ասաց նա:

Share