Բաժին. Այլ Լուրեր

«Ժողովուրդ». Մեզ համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը. Ալեն Սիմոնյան

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության քաղաքապետի թեկնածուն դերա­սան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի և ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատ­գամավոր Ալեն Սիմոնյանի միջև:

«Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Պարո´ն Սիմոնյան, Հայկ Սարությանը Ձեր ընկերն է, և գիտենք, որ Դուք եք նրան ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդար չէ՞, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու և ոչ Դուք:

-Առանց մեկնաբանության:

-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում և զվարճալի գրառումներ անում:

Այս առումով կարծում եք՝ ՔՊ-ի կատա­րած ընտրությունն արդարացված էր:

-Ես հայտարարություն եմ արել և հիմա չեմ ուզում որևէ կերպ իմ հայտարարությա­նը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, և կուսակ­ցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի:

-Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ դիրքո­րոշում ունեք, պետք է կուսակցության որոշ­ումն ընդունեի՞ք:

-Եթե ես կիսեի այդ դիրքորոշումը, որը եղել է, ես իմ թեկնածությունը կհանեի և չէի պայքարի այդ տեղի համար, և ինքս կքվե­արկեի Հայկ Մարությանի օգտին: Ես քվեարկել եմ իմ օգտին, ես քաղաքական ճա­նապարհ եմ անցել, ես քաղաքական հայտ եմ ներկայացրել, կուսակցությունը կայաց­րել է այլ որոշում: Այդ որոշումն ինձ համար առաջնային է:

-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:

-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որևիցե խն­դիր կա, ու ես որևիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ոչ քննարկմանը, ոչ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ:

-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաս­տարկները, որ հնչել են Մարությանի թեկ­նածության վերաբերյալ:

-Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի:

-Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին՝ հասկանալով, որ հիմնական պայքարը Ձեր և Մարությանի միջև է լինե­լու: Իսկ Դուք մինչև վերջ ինքնաբացարկ չներկայացրիք:

-Ինչո՞ւ պիտի ինքնաբացարկ հայտնեի: Եթե իրենք հասկացել են, որ մեր միջև է պայքարը լինելու, ես էլ եմ էլի երևի հասկա­ցել, որ մեր միջև է լինելու, և ինքնաբացարկ հայտնելու որևիցե ցանկություն չի եղել:

-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպ­քում քաղաքականության մեջ փորձառու­թյուն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:

-Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների:

-Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:

-Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ով­քեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, և շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը:

-Կարծում եք՝ թեժ մրցակցությո՞ւն է սպասվում:

-Միանշանակ: Համոզված եմ դրանում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share