Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի պատշաճ մակարդակով անցկացմանը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2018 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2018 թ. ՀՀ պետբյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 1,438,354.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ:

Վարչապետի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ: Վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով: Դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի են ունենում շաբաթական հանդիպումներ և վստահեցրել, որ գագաթնաժողովը կազմակերպվելու է բարձր մակարդակով: «Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծել է փոխվարչապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելել է, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- նշել է ոստիկանապետը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը պատշաճ ձևով կսպասարկի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Ըստ նրա՝ լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը «WiFi» ցանցով ապահովելու խնդիրը:

Share