Բաժին. Այլ Լուրեր

ՀՀԿ հայտարարությունը. Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, «ՀՀԿ» խմբակցության հայտարարության մեջ ասվում.

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:

Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար: Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը»:

Share